Թեժառույքի բարձունքը հաղթահարված է

received_5447676215292003

Հայաստանը սեր է, սիրում եմ հայրենիքիս յուրաքանչյուր անկյունը, յուրաքանչյուր քարը, ծառն ու թուփը։ Բացահայտի ու բացահայտի փոքր Հայաստանը, փոքր, բայց անվերջ ու հնագույն կոթողներով հարուստ։ Իմ լավագույն հանգիստը հայրենիքիս սարերում ու ձորերում քայլելն է, հնավայրեր բացահայտելն է։

Առավոտն ինչպես միշտ ուրախ ու սպասված էր։

Բնության հրաշք ոլորաններով, հարուստ անտառով, նախորդ օրվա անձրևից ցեխոտ ու դժվարանցանելի արահետով հասանք Թեժառույքի վանք։

Միջնադարյան հայ քաղկեդոնական վանական համալիր, որը գտնվում է Հայաստանի Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղի հարավային հատվածում, անտառապատ բարձունքին, հրվանդանի գագաթին։ Ծովի մակերևույթիվ բարձր է 2000 մետր։ Վանքը կառուցվել է 1196-99 թվականներին՝ Զաքարյաններ իշխանական տոհմի սպարապետ Իվանեի կողմից

Աջից ու ձախից խիտ անտառ, գունավոր ու երփներանգ ծաղիկներ, մասուրի թփեր։ Իսկ Թեժառույքը՝ խոնարհ, բայց դարերի հոգսն ու հիշողությունը ուսերին առած, հայի աղոթքով հագեցած պատերի զորությամբ՝ ծվարել էր սարի գագաթին։ Եկեղեցու դռները փակ էին, սկզբում մտածեցի, որ ներս չենք կարող մտնել, բայց երբ Տիգրանն ասաց, որ կարող ենք դուռը բացել, հիշեցի տատիկիս խոսքերը, որ առավոտ շուտ դուռը բացում ու մտնում ես եկեղեցի, օրհնվում ես եկեղեցու պատերի ներծծված աղոթքից ու հավատավորների, ուխտավորների օրհնանքներից։ Եկեղեցում Արմենուհի Սոկրատունու հետ «Հայր մեր» և շարականներ երգեցինք, Տիգրանը պատմեց վանական համալիրի մասին, ու… սկսվեց հորդառատ անձրև, դժվարանցանելի ճանապարհը կրկնակի ու եռակի անգամ դժվարացավ , անընդհատ սահում էինք ցեխի վրա ու ընկնելու վախը մեծ էր։ Իհարկե, ընկնողներ եղան😊, իրենց հետ ընկերներն էլ թավալվեցին ցեխի մեջ, բայց միևնույնն է` հավես էր, արյան մեջ ադրենալինի քանակը ձգտում էր անսահմանության։

Անձրևից թրջված, ոտքից գլուխ ցեխոտված, հավաքվեցինք մի փոքրիկ զրուցարանում ու վայելեցինք խարույկի վրա եփած անմահական սուրճն ու կրակի վրա տաքացրած մաշմելոները։

received_2162864063889396

Իսկ «Նռանե» պարային համույթի «ելույթը» ոչ մի այլ ելույթի հետ համեմատելի չէր, ավելի անմիջական էր, առանց ձևական հանդերձանքի ու շպարով աղջիկների էր, ցեխի, ջրափոսերի մեջ չփչփացող քայլքով ու ժպիտ, ծիծաղ, հավես տրամադրությունով էր։