Տիկնի պսակ

Օր՝ հունիսի 16
Ժամ՝ 11.00
Վայր՝ Քոլեջի ներքին բակ
Համակարգողներ՝ Էլյա Գրիգորյան, Անահիտ Մարգարյան, Մարինե Մկրտչյան

Ծրագրում `

Սաներից երկուսը տիկնիկներով խաղում են, մեկի տիկնիկը տղա է, մյուսինն՝ աղջիկ: Նրանցից մեկը մյուսին հարցնում է.

-Քո տիկնիկի անունն ի՞նչ է:
-Սաթո, բա քոնի՞ անունն ինչ է:
-Հայկո:
-Կգա՞ս տիկնի պսակ խաղանք:
-Կգամ, արի խաղանք:

Միասին երգում են.

Պսակ-պսակ, տիկնի պսակ.
Էկեք խաղանք տիկնի պսակ,
Տիրնանինե, տիրնանինե,
Զուռնի ձենը գեղով մին է…

Մասնակիցները բաժանվում են երեք խմբի՝ նվագածուներ, հարսնացուի կողմի խնամիներ, տղայի կողմի խնամիներ:

Հարսի տիկնիկով երեխան.

  • Կլորիկ ու թմբլիկ եմ,
    Պստլիկ ու ճստլիկ եմ,
    Քիթս պուճուր – պուճուրիկ է,
    Աչուկներս սևուլիկ են,
    Կա՞ ինձ նման սիրունիկը:

Բոլորը միասին՝

  • Չկա՜, չկա՜, չկա՜:

Հարսի մայրը.

  • Աղջիկ ունիմ օղերով,
    Հարս պիտ անիմ քողերով,
    Աղջիկ ունիմ հարսնացու,
    Կտրիճ կուզիմ փեսացու:
    Ո՞րին տամ, ո՞րին չտամ:

Փեսայի կողմի խնամիները. Մեր տղային տուր:
Հարսի մայրը. Տա՞մ, թե՞ չտամ:
Փեսայի կողմի խնամիները. Տու՛ր, տու՛ր, լավ տղա է:
Կողքից մեկն ասում է. Սպասե՛ք, բա չիմանա՞նք՝ հարսն ում է ուզում:
Հարսի մայրը. Լավ, ում որ կուզի, նրան կտամ:

Հարսիկի տիկնիկը ձեռքին աղջիկը գնում կանգնում է փեսայի տիկնիկը բռնած տղայի կողքին:

Բոլորը միասին. — Հարսը փեսին հալալ է:

Միասին երգում են «Պսակ, պսակ», «Այ ֆոռկա» երգերը

Պսակ, պսակ

Պսակ-պսակ, տիկնի պսակ.
Փեսեն էկավ՝ լիքը քսակ –
Տիրնանինե, տիրնանինե,
Զուռնի ձենը գեղով մին է…

Բոյը՝ չինար, մեջքին՝ քամար,
Աչքերը՝ ծով, ունքը՝ կամար –
Տիրնանինե, տիրնանինե,
Զուռնի ձենը գեղով մին է…

Այ ֆոռկա
Այ ֆոռկա, ֆոռկա, ֆոռկա,
Էսօր մեր տուն հարսնիս կա,
Էսօր մեր տուն հարսնիս կա,
Կոլոտ փեսին բեղ չկա:

Այ ֆոռկա, ֆոռկա, ֆոռկա,
Էսօր մեր տուն հարսնիս կա,
Թավեն ծակ է, եղ չկա,
Փեսեն էկավ՝ տեղ չկա:

Այ ֆոռկա, ֆոռկա, ֆոռկա,
Էսօր մեր տուն հարսնիս կա:

Գալիս է տերտերը

Պսակ, պսակ, տիկնի պսակ, արջի քոլոլ, դեղին դմակ,
Կուժն ու կուլեն գլխիդ կոտրեմ, տեր ես, թե՝ չէ:

Փեսան
– Տե՛ր եմ:

Բոլորը միասին բացականչում են.
– Տե՛ր է՜:

Տերտերը

Պսակ, պսակ, տիկնի պսակ, արջի քոլոլ, դեղին դմակ,
Կուժն ու կուլեն գլխիդ կոտրեմ, հնազանդ ես, թե՝ չէ:

Հարսը
– Հնազանդ եմ:

Բոլորը միասին բացականչում են.
– Հնազանդ է՜:

Միասին երգում են «Ծառ ծաղկեցավ» երգը:

Սուրբ Կարապետա օրհնութենով, օրհնութենով
Ծառս ի ծաղկեցավ, ծառս ի ծաղկեցավ,
Ծառ ծաղկեցավ, ճյուղ բազմեցավ՝
Կանաչ ու կարմիր:

Բարեմաղթանք՝

 Կարասն ձեր լցվի գինով,
Եվ տունը ձեր՝ շեն բարիքով:

Պարերգ — Թամզարա

Թամզարա, հայ, թամզարա,
Թամզարա, հայ, թամզարա,
Թամզարա, հայ, թամզարա,
Համ լե, լե, համ զար ա:

Տանձի ծառը բարձր է,
Թամզարա, հայ, թամզարա,
Վըրի տանձը քաղցր է,
Թամզարա, հայ, թամզարա:

Գնանք նանին հարցընենք,
Թամզարա, հայ, թամզարա,
Թե որ չտա, փախցնենք,
Թամզարա, հայ, թամզարա:

Թամզարա, հայ, թամզարա….

Արևը սարի վըրա,
Թամզարա, հայ, թամզարա,
Մամուռը քարի վըրա,
Թամզարա, հայ, թամզարա:

Էրկու կըռունկ եմ տեսել,
Թամզարա, հայ, թամզարա,
Արագած սարի վըրա,
Թամզարա, հայ, թամզարա:

Թամզարա, հայ, թամզարա…

Բարեմաղթանքներ՝

 Տաշտներդ լի հաց լինի,
Դըռներըդ միշտ բաց լինի:

Պարերգ – Հաց կթխեմ գարի ա

  1. Հաց կթխեմ, գարի ա,
    Երի, երի, էրվա, օ՜յ, օ՜յ,
    Էս ինչ ուրախ տարի ա,
    Շեկո ջան, էրվա, օ՜յ, օ՜յ:
  2. Ծով ա դառե մեր դաշտը,
    Երի, երի, էրվա, օ՜յ, օ՜յ,
    Լիքը հաց ա մեր տաշտը,
    Շեկո ջան, էրվա, օ՜յ, օ՜յ:
  3. Հաց եմ թխել մշակին,
    Երի, երի, էրվա, օ՜յ, օ՜յ,
    Հոտ քաշել մանիշակին,
    Շեկո ջան, էրվա, օ՜յ, օ՜յ:
  4. Հաց կթխեմ, գարի ա,
    Երի, երի, էրվա, օ՜յ, օ՜յ,
    Կաքավները մավի ա,
    Շեկո ջան, էրվա, օ՜յ, օ՜յ:

Բարեմաղթանք՝

 Ծլեք, ծաղկեք, զորանաք:

Պարերգ — Փափուռի

Նանայ, նանայ, փափուռի,
Նանայ, նանայ, փափուռի,
Փափուռի ջան, փափուռի,
Փափուռի ջան, փափուռի:

Ջուր է գալիս էն սարից,
Նանայ, նանայ, փափուռի,
Կաթում է մարմար քարից,
Նանայ, նանայ, փափուռի:

Արև ելավ էն սարից,
Նանայ, նանայ, փափուռի,
Կաքավ կանչեց էն քարից,
Նանայ, նանայ, փափուռի:

Խնձոր ես ծառի վրա,
Նանայ, նանայ, փափուռի,
Ծաղիկ ես սարի վրա,
Նանայ, նանայ, փափուռի:

Բարեմաղթանք՝

 Ծաղկեք, ծլեք, ծիր-ծիրանի դառնաք:

Պարերգ՝ «Հոպ, թռի»

Հո՛պ, թռի, հո՛պ, հո՛պ, թռի,
Հայկո ջան,
Շուտ թռի, շախով թռի,
Վարսո ջան:

Խնձոր ես ծառի վրա,
Հայկո ջան,
Ծաղիկ ես սարի վրա,
Վարսո ջան.
Հո՛պ, թռի, հո՛պ, հո՛պ, թռի,
Հայկո ջան,
Շուտ թռի, շախով թռի,
Վարսո ջան:

Անուշ տաղ ասող բլբուլ,
Հայկո ջան,
Կանգնել ես քարի վրա,
Վարսո ջան.
Հո՛պ, թռի, հո՛պ, հո՛պ, թռի,
Հայկո ջան,
Շուտ թռի, շախով թռի,
Վարսո ջան:

Ախպեր ունեմ՝ ավչի ա,
Հայկո ջան,
Մեջքը բարակ ղամշի ա,
Վարսո ջան,
Հո՛պ, թռի, հո՛պ, հո՛պ, թռի,
Հայկո ջան,
Շուտ թռի, շախով թռի,
Վարսո ջան: