Ընթերցարան (Մայիս)

20220501_102238

Խնոցիների շարք

Հարի-հարի խնոցի,
Մեջդ` բարի, խնոցի,
Ունկդ` բարակ, խնոցի,
Մեջդ` կարագ, խնոցի:

***

Խնոցի, հարոցի.
Լըփը-լըփը, լըփը-լըփը,
Դե տար, դե բեր, տրնգա.
Թևտու, թև առ,
Զրնգա:

Խնոցի, հարոցի,
Կարագը` քեզ,
Թանը` մեզ:

***

Խնոցի, խնոցի,
Գցեցի ու բռնեցի,
Տարա — բերի` զարկեցի,
Հրեցի, չխչփեցի,
Հարեցի, հա, հարեցի,
Դեղին կարագ հանեցի:

***

Խնոցի, հարեցի,
Թանը հանի, քամեցի,
Սրսուռ չորթան շինեցի,
Եղով ապուր էփեցի,
Պետոն ուզեց՝ տփեցի:

Խնոցի, խնոցի,
Գցեցի ու բռնեցի,
Տարա — բերի` զարկեցի,
Հրեցի, չխչփեցի,
Հարեցի, հա, հարեցի,
Դեղին կարագ հանեցի:

Կոմիտաս, «Ծիվ ու ծիվ»                    

Ծի՜վ ու ծի՜վ, ծիվծիվակի՜ն,

Ձագ թռնի հետ ծիծեռնակին,
Ճյուղ բերի հետ աղունակին,
Վարդին նստի հետ սոխակին.

Ասե տաղի՛կ,
Կանչե խաղի՛կ,
Առնե ափի՛կ,
Զարկե ծափի՛կ:

***

Երկու ձեռքս վեր պարզեցի,

Շարժ ու ձևս լավ մարզեցի,

Բռնեցի ափ` ափի վերան,

Ու բերի ծափ` ծափի վերան,

Զարկի` եղան ափ ի բերան:

Ջրի մեջ լողանալու մանկական խաղերգ

Կլոր պար, մեջը` ծառ,

Նստիմ հովը` կթեմ կովը,

Զմփիկ զարկեմ, ընկնիմ ծովը:

 Ասիկներ

Ասեմ, չասեմ,
Լավ բան ասեմ,

Քթիդ խփեմ,

Քեզի խաբեմ:

***

Բան ասեմ,
Բամբակ ասեմ,

Քնթիդ խփեմ,

Ջա՜ն, ջա՜ն ասեմ:

Ղ․ Աղայան՝ Երկու այծ
Երկու կամակոր այծ դեմ առ դեմ եկան մի նեղ գերանի վրա, ուր կամուրջ էր ձգված մի
գետակի վրա:
Երկուսը միանգամից չէին կարող անցնել այդ նեղ կամուրջով. պետք է նրանցից մեկը ետ
կանգներ և մյուսին ճանապարհ տար:
— Դու ետ գնա, որ ես անց կենամ, — ասաց մեկը:
— Ինչո՞ւ դու ետ չես քաշվում, քան թե ինձ ես առաջարկում, — պատասխանեց մյուսը:
— Քեզ ասում եմ, ետ քաշվիր, առաջ ես եմ բարձրացել կամրջի վրա:
— Ներողություն կանես: Գիտե՞ս ում հետ ես խոսում, որ դեռ բարկանում էլ ես:
Այծերը ճակատ ճակատի զարկեցին, իրար գլուխ պատռեցին, և վերջը երկուսն էլ
կամուրջից սայթաքեցին, ջուրը թափվեցին:

Ղ․ Աղայան՝ Երկու ձագիկ
Երկու փոքրիկ ձագիկ մի ծղնոտ գտան` հասկը վրան:
Հասկում շատ հատիկներ կային: Ձագիկները բռնեցին ծղնոտի ծայրից և սկսեցին քաշել
մեկը իր կողմը, մյուսը` իր: Ծղնոտը կտրվեց և ձագուկները վայր թափվեցին ոտնիվեր: Գող
ծիտը վրա հասավ և հասկը ճանկեց ու թռավ:

Ղ․ Աղայան՝ Մանկական հեքիաթ

Գնացի ջաղաց: Ջաղացպանն ինձ ուղարկեց փայտի: Ման եկա, ման եկա, շատ փնտրեցի,
փայտ չգտա: Վերջը գտա մի քեթուկ/կոճղ/: Խփեցի, խփեցի, շատ խփեցի ոտքով ու քարով,
դուրս չեկավ տեղիցը: Ասացի.
-Ա՛յ քեթուկ, ի՞նչ քաջ ես: Ասաց.- Թե որ քաջ եմ, ինչո՞ւ է կացինն ինձ կտրում:
-Ա՛յ կացին, ի՞նչ քաջ ես. — Թե որ քաջ եմ, ինչո՞ւ է դարբինն ինձ ծեծում:
-Ա՛յ դարբին, ի՞նչ քաջ ես.- Թե որ քաջ եմ, ինչո՞ւ է երկինքն ինձ տանում:
-Ա՛յ երկինք, ի՞նչ քաջ ես.- Թե որ քաջ եմ, ինչո՞ւ է ամպը երեսս ծածկում:
-Ա՛յ, ամպ, ի՞նչ քաջ ես.- Թե որ քաջ եմ, անձրևն ինչո՞ւ է մեջիցս վայր թափվում:
-Ա՛յ անձրև, ի՞նչ քաջ ես.- Թե որ քաջ եմ, ինչո՞ւ եմ գետնին թափվում:
-Ա՛յ գետին, ի՞նչ քաջ ես.- Թե որ քաջ եմ, ինչո՞ւ է ինձ վրա խոտ բուսնում:
-Ա՛յ խոտ, ի՞նչ քաջ ես.- Թե որ քաջ եմ, տավարն ինչո՞ւ է ինձ արածում:
-Ա՛յ տավար, ի՞նչ քաջ ես.- Թե որ քաջ եմ, ինչո՞ւ է գայլն ինձ ուտում:
-Ա՛յ գայլ, ի՞նչ քաջ ես.- Թե որ քաջ եմ, շունն ինչո՞ւ է փախցնում ինձ:
-Ա՛յ շուն, ի՞նչ քաջ ես.- Թե որ քաջ եմ, ինչո՞ւ է ծեծում ինձ պառավը:
-Ա՛յ պառավ, ի՞նչ քաջ ես.- Թե որ քաջ եմ, ինչո՞ւ ինձնից չի վախենում մուկը:
-Ա՛յ մուկ, ի՞նչ քաջ ես.- Թե որ քաջ եմ, ինչո՞ւ է բռնում ինձ կատուն:
-Ա՛յ կատու, ի՞նչ քաջ ես.- Այո, քաջ եմ, և այս մեծ տան պահողն եմ, մկներին մահ տվողն
եմ, սուփրի ծայրին նստողն եմ, մեր շան աչքի գրողն եմ:

Ղ․ Աղայան՝ Արևի հրամանը
Գարնանային մի սիրուն առավոտ արևը բարձրացավ և ասաց աստղերին.
-Դե, սիրուն աստղիկներ, երկնքի ճրագներ, հիմա գնացեք, գիշերը եկեք:
Ծաղիկներին ու թռչնիկներին ասաց.
-Զարթեցեք ծաղիկներ, զարթեցեք թռչնիկներ: Եվ զարթեցին բոլոր ծաղիկները,
թռչնիկները:
«Ես պիտի երգեմ, — ասաց արտույտը:
«Ես պիտի ծաղկեմ, — ասաց վարդը:
«Իսկ ես ի՞նչ պիտի անեմ, — ասաց մութ ամպիկը. – չջրե՞մ երկիրը:
Արևը պատասխանեց.
-Թող երգի արտույտը, թող բացվի վարդը. իսկ մութ ամպիկը, ջրով լիքը, թող գնա հեռանա:
Ծաղիկները բացվեցին, թռչնիկները երգեցին, երեխեքն էլ զարթեցին և սկսեցին արևի երգը:

Ղ․ Աղայան՝ Մեղուն ու հավը
Հավը Մեղվի վրա ծիծաղելով ասաց մեկ անգամ.
— Ինչ անշնորհք ճանճ ես դու, ամբողջ օրը ծաղկից ծաղիկ ես թռչկոտում և ոչ մի բանի
պետք չես գալիս:
— Իսկ դու, հավիկ — մարիկ, ի՞նչ ես շինում,- հարցրեց մեղուն:
— Մի՞թե չգիտես, թե ինչ եմ շինում, ես քեզ նման պարապ — սարապ չեմ տզտզում: Ես օրը
մեկ ձու եմ ածում, մեկ ձու, գիտե՞ս մեկ ձուն քանիս է:
— Գիտեմ, գիտեմ, հասկացա: Բայց ես մինչև հիմա կարծել եմ, թե դու օրը հարյուր ձու ես
ածում:
— Ինչպե՞ս կարելի է օրը հարյուր ձու ածել, անխելք մեղու:
— Ապա եթե քո ածածդ ընդամենը մի ձու է, էլ ինչո՞ւ ես հարյուր անգամ կչկչում, թե հա˜յ,
հարա˜յ, լսեցեք, որ ձու եմ ածել: Իմ կարծիքով ՝ այսքան կչկչալուն մի ձուն շատ քիչ է:
Այնպես չէ, իմաստուն հավիկ — մարիկ:
— Բայց դու ի˜նչ ես շինում, դու, որ իմ մի ձուն քիչ ես համարում:
— Ես ինչ որ շինում եմ, քեզ պես կչկչալով չեմ հայտնում ուրիշներին: Ես գլուխս քաշ գցած,
մեղր եմ շինում: Գիտե՞ս ինչ է մեղրը: Դա հավի կերակուր չէ, քո խելքի բանը չէ, հավիկ — մարիկ:

Շուտասելուկներ

Մկրատ տուր մտրակ տամ,
Մտրակ տուր մկրատ տամ

***
Սարի ուսին սիրուն լուսին,
Սիրուն լուսին սարի ուսին:

***
Մուկը մատը մատին կտա,
Տան կարասը պատին կտա:

***
Արտին մոտիկ՝ մոռ ու մորի,
Մռռան կատուն կտրորի:

***

Ունի չունի,ունի չունի,
Լիքը բան կա, որ չունի,
Բայց,որ չունի ինչ անի

***
Սա ասի՝ նա կանի, նա ասի՝ սա կանի:

***
Զարթուցիչը ջեռուցիչից հեռու՛ դիր:

***
Բուռ-բուռ ալյուր շաղեցինք,
Փուռը տարանք եփեցինք,
Փռապանը համեմեց,
Բուռ-բուռ ցորեն նվիրեց:

***
Հարսնապու՞ր,
Կաթնապու՞ր,
Անուշապու՞ր,
Թանապու՞ր,
Ո՞րը եփեմ Ասատուր:

***

Ձուկը գցեմ ձուկը ուտեմ,
Մուկը գցեմ ձուկը ուտեմ:

***
Մեր տան դռան տանձի ծառին
Տասը ծանր տանձ կա կախված:

***
Ծույլ-ծույլ կնստես
Աստղերին բույլ կտեսնես:

***
Ձուկ եմ, ձուկ եմ, ջրի մուկ եմ,
Մուկ եմ, մուկ եմ, ջրի ձուկ եմ։

***
Կար–չկար մի գաճաճ արջ կար,
Այդ գաճաճ արջի աջ աչքը չկար։

***
Փայտփորիկը փորեց փայտի փտած փորը։

***

Մոլոր ակը կլոր ակ է,
Կլոր ա՞կ է մոլորակը:

***

Ովքեր չեկան ՝ չկան:
Ովքեր չկան՝ չեկան:

***

— Մռռանը ի՞նչ գործ ունի
Մռայլ ու մութ մառանում:
— Գնա հարցրու մռռանին,
Մռռանն այդ չի մոռանում:

***

Մեր տան առաջ,
Կանաչ կակաչ,
Կանաչ կակաչ,
Մեր տան առաջ:

***

Քոթոթը նոթոտ է,
նոթոտ է քոթոթը:
Թեկուզև նոթոտ է՝
Լավիկն է քոթոթը:

***

Կարպետի վարպետը
Վարպետաց վարպետն է:
Վարպետի կարպետը
Կարպետաց կարպետն է:

****

Տու’ն, տո’ւն,
Երկու տու’ն,
Երկու տանը’
Երկու շու’ն,
Երկու շանը’
Երկու բու’յն,
Երկո’ւ բնին’
Երկու դու’ռ,
Մեկը’ ուղիղ,
Մեկը’ ծուռ։