Ընթերցարան (Ապրիլ)

received_511221180514675

ՍԱԳ

Սագիկ-սագիկ, իմ սիրունիկ,
Ես քեզ կտամ քաղցր կուտիկ,
Որ դու ուտես , շուտ մեծանաս,
ՈՒրախ ապրես, զվարճանաս:

Երբ մեծանաս, մեծ սագ դառնաս,
Ես կխնդրեմ իմ մայրիկին,
Որ նա ժողվե քո փետուրներ
Եվ ինձ համար շինե բարձեր:

ԿԱՏՈւ

Կատուն եկավ,
Փիսի՜կ, փիսի՜կ,
Հազար նազով,
Ինչպես հարսիկ,
Դունչը սրբեց
Թաթիկներով,
Մազը սանդրեց
Չանչիկներով.
— Կատու, կատու,
Ե՞ր ես տրտում.
Թե՞ մկներն են
Հիմա արթուն:
Կատուն ասեց.
_ Միաո՜ւ, միաո՜ւ.
Այսինքն թե՝
_ Այո՛, այո՛:

ԾԻՏԸ ԵՎ ԲԱԶԵՆ

Ծիտը ծառին ծլվըլում է.
— Ծի՜վ, ծի՜վ, ծի՜վ.
Բազեն գլխին պտըտվում է.
— Վու՜յ, վու՜յ, վու՜յ…
Ծիտը լռեց, ծիտը վախեց.
— Վա՜յ, վա՜յ, վա՜յ…
Բազե, թը՜ռռ, բազե թը՜ռռ.
— Հա՜յ, հա՜յ, հա՜յ…
Բազեն թռավ,
Բազեն փախավ,
Ի՜նչ լավ էլավ.
— Հե՛ — հե՛ — հե՛…
Ծիտի՛կ միտիկ, պի՛ծիկ միծիկ,
Պըտպըտուրի՛կ, չըլպըտուրիկ,
Դու լա՛վ պրծար չար բազեի
Սուր ճանկերից, հա՜ — հա՜ — հա՜…

Զատկական ասիկներ

***Ով որ չտա իմ երկու ձուն,
Մուկն ու կատուն` իրենց թթուն,
Ով որ կտա իմ երկու ձուն,
Աստված պահե իր փեսացուն:

***Ով որ ընձի հավկիթըմ տա`
Աստված իրեն հազար թող տա:

***Բարի լույսի զանգեր զարկին,

Զնգզնգալեն անուշ-անուշ,
Լույսը բացվեց մեր աշխարհքին:
Ճղճղալեն անուշ-անուշ:

***Ծաղկազարդը եկե՜լ է:

Եկե˜լ է, եկե˜լ է:
Նուրի-նուրին եկե˜լ է:
Եկե˜լ է, եկե˜լ է:
Նուրի-նուրի, ի՞նչ կուզես:
Կթան կովից եղ կուզեմ,
Չալ հավից հավկիթ կուզեմ,
Երկնքից ամպեր կուզեմ,
Ամպերից անձրև կուզեմ:
Որ մեր ուզած տա մեզի,
Անձրև իջնի վեր ձեզի:

***Հուռին գնաց բանջարի

Բանջար չեղավ, խոտ եղավ,
Խոտի տակին ծիտ եղավ,
Ծլվլալեն դուրս թռավ,
Ծիտը թռավ գերանին,
Կանաչ խոտը բերանին:

***Մարիամ խաթուն

Մարիամ խաթուն, Մարիամ խաթուն,
Իջի  մեր տուն, իջի  մեր տուն,
Ես քեզ կտամ նուշի կթուն:
-Զատիկ, զատիկ, նավակատիկ, արի նստի մեր տան մոտիկ

***Ակլատիզ

Տի˜զ- տի˜զ, Ակլատիզ,
Մազդ բիզ-բիզ, Ակլատիզ,
Պասը գնաց, Զատիկն եկավ,
Այծն էլ խոտը կերել է
-Ակլատիզը փետելով
Զատիկը շուտ չես բերի:

Թե ինչպես կապիկները որոշեցին ճանապարհորդել
Մի օր կենդանաբանական այգու կապիկները որոշեցին ճանաչողական ճանապարհորդություն կատարել: Գնացին, գնացին, կանգ առան ու հարցրին..
-Ի՞նչ է երևում:
-Առյուծի վանդակը, փոկի ավազանն ու ընձուղտի տունը:
-Ի՜նչ մեծ է աշխարհը, ու ինչքա՜ն շատ բան ես իմանում` ճնապարհորդելով:
Շարունակեցին ճանապարհն ու կանգ առան միայն կեսօրին:
-Հիմա ի՞նչ է երևում:
-Ընձուղտի տունը, փոկերի ավազանն ու առյուծի վանդակը:
-Ի՜նչ տարօրինակ է աշխարհը, ու ինչքա՜ն շատ բան ես իմանում` ճանապարհորդելով:
Նորից ճանապարհ ընկան ու կանգ առան միայն արևամուտին:
-Իսկ հիմա, ի՞նչ է երևում:
-Առյուծի վանդակը, ընձուղտի տունն ու փոկերի ավազանը:
-Ի՜նչ ձանձրալի է աշխարհը.միշտ նույն բաներն են հանդիպում. ու ճանապարհորդելը ոչ մի բանի պետք չէ:
Ու այդպես, նրանք ճնապարհորդում էին, ճանապարհորդում, բայց վանդակից դուրս չէին գալիս՝պտտվելով ի շրջանս յուրյանց, կարուսելի ձիուկների պես:

Ո՞վ է կարևոր

Մի օր կծիկն ու ասեղը վիճեցին, թե ով է իրենցից ավելի կարևոր։

— Ես եմ կարևոր, որովհետև իմ թելերը անցնում են կտորների միջով և ամրացնելով ստանում ամուր ու գեղեցիկ հագուստ։

— Ո՛չ, ամեն դեպքում ես եմ գլխավորը, քանզի ես սուր եմ և շա՜տ բարակ, դրա համար դյուրին կարում եմ հագուստները։ Ես նաև կարողանում եմ տարբեր ձևերով կարել։

Կծիկը պատասխանեց․

— Պա՜հ, հետո ի՞նչ։Կարծում ես մե՞ծ բան է, որ բարակ ես և սուր։ Ոչինչ չի համեմատվի իմ մետաքսե թելերի փափկության հետ։ Բացի այդ մենք ունենք տարբեր գույներ՝ կարմիր, կանաչ, դեղին, կապույտ․․․անգամ սև։ Իսկ քո կարերը միայն ծակում են նուրբ կտորները։

Ասեղը վերևից նայեց կծիկին և հենց մեջտեղից ամուր ծակեց։ Կծիկը, ցավից ճզմվելով, ետ ընկավ սեղանին. թելերը ցիրուցան եղան։ Այնուհետև կծիկը հավաքեց իր թելերը, նետվեց ասեղի վրա և սկսեց ամուր փաթաթվել նրա պարանոցին: Մոտակայքում գտնվող ափսեներն ու բաժակները սկսեցին վախից չխկչխկալ։ Դերձակի կավիճը թաքնվեց գործվածքի ծալքերում։ Մկրատը սուր ատամները հարվածում էր իրար, իսկ կարի մեքենան քարացել էր։

Այդ օրը կծիկն ու ասեղը վիճում էին  ապացուցելու համար իրենց կարևորությունը։ Ոչ մեկը չէր ցանկանում հանձնվել։ Այդպես նրանք վիճեցին մինչև ուշ երեկո, մինչև եկավ մարդը և մեկնեց ձեռքը կտորին։ Հետո ձեռքը վերցրեց ասեղը, կոկիկ նրա միջով անցկացրեց թելը, հանգուց արեց և ասաց․

— Մի՛ վիճեք, դուք երկուսդ էլ կարևոր եք, առանց մեկդ մյուսի ոչինչ չեք կարող անել։ Ասեղն ունի պատասխանատվություն. պետք է անցնի կտորների միջով՝ չվնասելով նրանց, իսկ թելն իր հերթին պետք է ամուր բռնի ասեղից, որպեսզի միասին ամրացնեն կտորները։

Այսպես էլ պետք է լինեն ընկերները, ինչպես ասեղն ու թելն են իրար ամուր բռնում, չապացուցելով՝ ով է իրենցից կարևորը։